Այս տարվա փետրվար-մարտին, երբ ԱՄՆ և Իսրայելը համատեղ ուժերով հարձակվեցին մեր հարևան Իրանի վրա և սկսվեց մինչ այսօր շարունակվող պատերազմը, շատերը հասկացան, թե որքան վտանգավոր է «TRIPP» կոչվող արկածախնդրությունը Հայաստանի համար։
Ավելին, այդ առիթով մասնագետները (իրական, այլ ոչ թե պարզ քարոզիչները) հերթական անգամ զգուշացրեցին, որ «TRIPP» կոչվածը, ըստ էության, նույն «Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծավալապաշտական ծրագրի կոսմետիկ անվանափոխված տարբերակն է։ Հետևաբար՝ «Թրամփի ուղին» ոչ միայն չի չեզոքացրել հակահայկական այդ ծրագրից բխող վտանգները, այլև, ընդհակառակը, ավելացրել է նորերը` անմիջապես Հայաստանի տարածք տեղափոխելով Իրան-ԱՄՆ հակամարտությունը։
Այս տեսանկյունից գուցե պատահական չէ, որ ամերիկա-իսրայելական հարձակման օրերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում, բառացիորեն հրթիռների տակ հենց իրանական կողմի նախաձեռնությամբ հրատարակվեց այս հարցին վերաբերող և պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ մեր համահեղինակած «Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» գրքի պարսկերեն թարգմանությունը, որը արդեն գրեթե սպառվել է իրանական շուկայում (տպագրված օրինակը օրերս վերջապես հասավ մեզ՝ հեղինակներիս)։
Սա հուշում է, որ Իրանում հասկանում են «TRIPP= New «Զանգեզուրի միջանցք»» պարզ ճշմարտությունը, բարեբախտաբար։ Սակայն սա չեն հասկանում ոչ միայն Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, այլև, ցավոք, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից շատերը, որոնք պարբերաբար այս օրերին էլ, առանց խորամուխ լինելու հարցի էության մեջ, փաստացի համաձայնություն են հայտնում «Թրամփի ուղուն»։
Հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցն առաջիկա ամիսներին հանդիսանալու է ամենակրիտիկականներից մեկը մեզ համար, որի շուրջ դասավորվելու են տարածաշրջանի բոլոր տերությունները։ Հուսանք, որ ազգային պայքարի դրոշը բարձրացած գործիչները կհասկանան սա և կլսեն մասնագետներին։
հ.գ. Գրքի հայերեն տարբերակի երկրորդ հրատարակությունը դեռևս հասանելի է «Բուկինիստ» գրախանութների ցանցում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Post #3556
6.66K

- ❤ 43
- 👍 19
- 🔥 5
- 👏 4
- 🥰 2