Քանի որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն սկսվել է, այս մի գրառումս կլինի ֆուտբոլային երանգներով։
Ինչպես գիտեք, Թուրքիայի ազգային հավաքականն էլ է մասնակցում առաջնությանը և առաջին խաղը Ավստրալիայի հավաքականի հետ կայանալու է վաղը։ Բայց երկու օր է՝ Թուրքիայում լայն քննարկվում են ոչ թե հավաքականի խաղային ոճը կամ էլ հաղթելու շանսերը, այլ իշխանության միջամտությունը ֆուտբոլային կյանքին։
Այդ թեժ քննարկումների առիթը ազգային հավաքականի համար պատրաստված պաշտոնական հոլովակն է (տե՛ս կից), որն ունի մի քանի պատճառ։
Նախ հոլովակը պատրաստել են իշխող կուսակցությունում, բայց ներկայացնում են ֆուտբոլի ֆեդերացիայի անունից, ինչը, փաստորեն, ոչ միայն չեզոքության խախտում է, այլև իշխող ուժի անթաքույց գովազդ։
Երկրորդ. հոլովակը կարծես Էրդողանին գովերգող հարյուրավոր նմանատիպ երգ-հոլովակներից լինի, որտեղ ազգային հավաքականը այլաբանորեն պատկերվում է որպես Էրդողանի զավակը. ավտորիտար համակարգի վառ դրսևորում է։
Վերջապես երրորդ պատճառը. հոլովակում ֆուտբոլային կադրերի կողքին և գուցե դրանցից շատ երևում են զենք, զինամթերք, կործանիչներ ու տանկեր։ Սա ցայտուն օրինակն է նրա, թե ինչպես է Թուրքիան ռազմականացվել. այնտեղ ամեն ինչ դիտվում է անվտանգային տեսանկյունից (securitization and militarization)։ Եվ ֆուտբոլը բացառություն չէ։
Ներթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը։ Նաև այսպիսի նյութերն են օգնում, մեզ՝ հետազոտողներիս, պատկերացում կազմել Թուրքիայի ժամանակակից դինամիկայի ու զարգացման հնարավոր միտումների մասին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Post #3546
4.68K