«Վավերագրել իրականությունը, նշանակում է՝ պատմել մեր պատմությունը, որովհետև լուրերը միշտ ուրիշ տեսանկյունից են ներկայացնում այդ ամենը». ասում է վավերագրող, պրոդյուսեր, ֆիլմերի տարածող և «ԱրմԴոկ» ասոցիացիայի նախագահ Արևիկ Ավանեսյանը «Ուրիշ նորություններում»։
Անդրադառնալով վավերագրության էությանն ու տրանսֆորմացիային՝ նա ընդգծում է՝ վավերագրությունը փորձում է ներկայացնել իրականությունն առանց հորինվածքների, առանց դերասանների, իրական մարդկանց՝ իրական կյանքի պատմություններով։ Արևիկ Ավանեսյանը վավերագրության դերը կարևորում է հասարակական մտածողության ձևավորման գործում։
Միջազգային հարթակներում՝ Վենետիկի, Բեռլինի, Ամստերդամի IDFA, Դանիայի CPH:DOX և Գերմանիայի DOK Leipzig փառատոններում հայկական կինոյի գրանցած հաջողություններն է թվարկում, իսկ պետական աջակցության, համայնքի միավորման անհրաժեշտության մասին խոսելիս՝ վավերագրող պրոդյուսերը նախ պետական կառույցների անտարբերությունն է մատնանշում.
«Միլիոններ ունենք, որ կարող ենք ծախսել համերգների վրա, բայց երբ մեր երկրից պատվիրակություն է գնում ուրիշ երկիր՝ մեր երկիրը ներկայացնելու, դրա համար փող չկա, դա իրենց հետաքրքիր չէ։ Հայկական վավերագրական կինոյի վերջին շրջանի հաջողությունները անհատ վավերագրողների տարիների աշխատանքի, էնտուզիազմի և անձնական ջանքերի շնորհիվ են»։
Անդրադառնալով միջազգային միտումներին ու պահանջարկին՝ Արևիկ Ավանեսյանը փաստում է, որ այսօր ամբողջ Եվրոպան փնտրում է երիտասարդ սերնդին ուղղված ֆիլմեր։ Ասում է՝ վավերագրական ֆիլմերն օգնում են տեսնել իրական կյանքը․ որքան լավ ճանաչես իրական կյանքը, այդքան ավելի լավ լուծումներ կգտնես խնդիրներին։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM