«Հայաստանը փորձում է ԵՄ անդամակցությունից հետքայլ անել։ ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող օրենքի ընդունումը ավանտյուրա էր՝ թելադրված հենց ԵՄ–ի կողմից»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը մեկնաբանել է Վարշավայի անվտանգության համաժողովում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ ԵՄ–ին Հայաստանի անդամակցելու անորոշ ապագայի մասին․ «Ես վստահ չեմ, թե ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն «այո» ասի»,- ասել էր նախարարը։
«Հիմա որ ասում են. «Մենք որ գնանք ԵՄ, ԵՄ–ն մեզ կընդունի՞», բա 2025թ–ին, մտնելով այդ ավանտյուրայի մեջ, պարզ չէ, թե ինչ հաշվարկներով, այդ հարցը դուք ձեզ չե՞ք տվել։ Հիմա ուզում են պատասխանատվությունը գցել ԵՄ–ի վրա, ասելով, թե` մենք օրենք ենք ընդունել, իսկ դուք մեզ չեք ընդունում։ Ես կարծում եմ, որ նախապատրաստում են ինչ–որ հետքայլ՝ կա՛մ օրենքը չեղարկելու, կա՛մ ինչ–որ նոր օրենք ընդունելու, որն անիմաստ կդարձնի նախորդ օրենքը։ Այսինքն` փորձում են իրենց դեմքը փրկել ու կատարել Ռուսաստանի պահանջները»։
Ստեփան Դանիելյանը նկատում է՝ ԵՄ անդամակցության հարցի շուրջ հանրային քննարկումներ Հայաստանում չեն եղել ո՛չ օրենքի ընդունումից առաջ, ո՛չ հետո։ Ինչ վերաբերում է այդ «ավանտյուրիստական քաղաքականության հետևանքով» Հայաստանի ունեցած և հնարավոր կորուստներին, քաղաքագետը նշում է, որ գործող իշխանությունը պետք է դրանց համար պատասխանատվության ենթարկվի։
«Դա պետք է անի հասարակությունը։ Բայց հասարակությունն ապատիայի մեջ է և քաղաքական առումով կազմակերպված չէ»,– ասում է Դանիելյանը։
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM