Այսօր միջազգային ճանաչում ունեցող դերասանուհին կրկին Հայաստանում է՝ ֆիլմի պրեմիերայով, վարպետության դասերով և նոր գրքի գաղափարով։ «Ուրիշ նորություններում» նա պատմել է Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» և զուգահեռ ԱՄՆ-ում նկարահանված Փիթր Թաքլայի «Իմ մեծ եգիպտական ֆալաֆել-հարսանիքը» կատակերգական ֆիլմերում իր դերերի մասին։ Ասում է՝ կատակերգական ժանրը թույլ է տալիս լինել ինչպիսին կաս՝ առանց սահմանափակումների, դրամատիկ դերում գծերը հստակ են․ հասարակությանը պետք են և՛ լուրջ, փիլիսոփայական ֆիլմեր, և՛ թեթև կատակերգություններ, երկուսն էլ իրենց տեղն ունեն, և երկուսն էլ կարող են ազդեցություն ունենալ։
«Երբ ռեժիսորը ասում է՝ ես քեզ համար դեր ունեմ, դա դերասանի համար ամենացանկալի արտահայտությունն է։ Դրա համար ենք ապրում»,- ընդգծում է Արմանին, հիշելով մեկ տարի առաջ Քեշիշյանի առաջարկն իրեն։
Նրա այցի կարևոր մասը Դիլիջանում անցկացվող վարպետության դասերն են, որտեղ նա երիտասարդներին փոխանցում է սցենարագրության փորձը։ Նորա Արմանին նաև պատրաստվում է գրել գիրք՝ «Ես և Հայաստանը», որտեղ կպատմի պիոներական ճամբարից մինչև մեր օրերը հայրենիքի հետ իր կապի մասին․ կարծում է՝ գիրքը կարող է վերածվել մոնոներկայացման կամ թատերական բեմադրության։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM