TGViewer
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան @referentiaeorientales · 306 subscribers
Post #259 250
🥷🏻♟️Հետախուզական շախմատ. MİT-ի և Mossad-ի գաղտնի դաշինքները (ՄԱՍ 1)

Վեստֆալյան համակարգի ձևավորումից հետո պետությունների գոյաբանական անվտանգության հարցերը խաղաղ պայմաններում տեղափոխվեցին հատուկ ծառայությունների տիրույթ, որտեղ հետախուզությունը դարձավ պետական մեքենայի անտեսանելի ուղեղն ու հիմնական գործիքը։ Մերձավորարևելյան քաղաքական դաշտում այս առաքելությունն իրենց վրա վերցրեցին թուրքական MİT-ն ու իսրայելական «Մոսադը»։ Թուրքական հետախուզության ակունքները գնում են դեպի Էնվեր փաշայի ստեղծած հայտնի «Teşkilat-ı Mahsusa»-ն (Հատուկ կազմակերպություն), որը, տասնամյակների ընթացքում կրելով անվանական ու կառուցվածքային տրանսֆորմացիաներ, 1965 թվականին վերածվեց Ազգային հետախուզական կազմակերպության (MİT)։

⚖️Այս կառույցի էվոլյուցիան առանձնահատուկ է նրանով, որ պատմականորեն սերտորեն կապված լինելով բանակի ու պետական ապարատի հետ, այն աստիճանաբար ենթարկվեց խորը ապառազմականացման։ Եթե MİT-ի նախկին տնօրեն Աթաչ Յավուզի տվյալներով՝ 1990 թվականին կառույցում զինծառայողները կազմում էին շուրջ 35 տոկոս, ապա այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչև 4,5 տոկոս՝ զինվորականներին թողնելով ստորին էշելոններում։

💼Թուրքական այս բազմաշերտ ու լայնածավալ մեքենայի կողքին իսրայելական Mossad-ը դրսևորում է բոլորովին այլ՝ ծայրահեղ կոմպակտ մոդել։ 1951 թվականի ապրիլի 1-ին Իսեր Հարելի և Դավիթ բեն Գուրիոնի կողմից հիմնադրված այս կառույցում, Թել Ավիվի կենտրոնակայանում, աշխատում է ընդամենը մոտ 7000 մարդ՝ տեխնիկական անձնակազմի հետ միասին, իսկ բուն օպերատիվ սպաների թիվը հասնում է ընդամենը մի քանի տասնյակի։ Ըստ պատմաբան Իոսիֆ Թելմանի՝ Mossad-ի օպերատիվ աշխատակիցների մոտ 20 տոկոսը կանայք են, որոնցից ամենաբարձրաստիճանը փոխտնօրենի պաշտոնին հասած Ալիզա Մագենն էր։

📍Կառուցվածքային այս տարբերություններով հանդերձ՝ երկու ծառայություններին միավորեց Սառը պատերազմի տարիներին ամերիկյան աշխարհաքաղաքականության շրջանակում նրանց վերապահված դերը։ ԱՄՆ-ի նեոգաղութատիրական քաղաքականության համատեքստում Թուրքիան, Իսրայելը և շահական Իրանը դարձան Մերձավոր Արևելքի «ժանդարմները», ինչն էլ 1958 թվականից հիմք դրեց MİT-ի և Mossad-ի գաղտնի շփումներին։ Այս ստվերային համագործակցության ամենահնչեղ դրվագներից մեկը դարձավ 1999 թվականի փետրվարին Նայրոբիում PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալման օպերացիան, որտեղ թուրքական հետախուզության հետ կողք կողքի գործում էին իսրայելական և իրանական հատուկ ծառայությունների խմբերը։

💣Հետագա տասնամյակներում այս հարաբերությունները դրսևորվեցին նոր իրողություններում. 2013 թվականին Mavi Marmara-յի միջադեպի հարթումից հետո Հաքան Ֆիդանն ու Թամիր Պարդոն պայմանավորվեցին Սիրիայի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակման շուրջ, իսկ Mossad-ի ղեկավարն Անկարայում Էրդողանի հետ քննարկեց անգամ «Գեզի» այգու իրադարձությունների արտաքին ազդեցությունները։ Այս գործընկերությունն իր գագաթնակետին հասավ 2022 թվականի հոկտեմբերին, երբ Բենի Գանցի այցի ընթացքում MİT-ի և Mossad-ի ղեկավարները ստորագրեցին 8 մասից բաղկացած գաղտնի համաձայնագիր՝ Թուրքիայում իրանական ցանցերն ու պաղեստինցիներին վերահսկելու համար։ Այնուամենայնիվ, այս դաշինքը երբեք միանշանակ չի եղել. թուրքական հակահետախուզությունը պարբերաբար չեզոքացրել է «Մոսադի» այն ցանցերը, որոնք հավաքագրում էին թուրքական բուհերի օտարերկրացի ու պաղեստինցի ուսանողներին՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հետախուզությունների աշխարհում չկան մշտական դաշնակիցներ, կան միայն հարափոփոխ շահեր։

Հաջորդ մասում կգրեմ այն մասին, թե ինչպես են այս երկու կազմակերպությունները գործել ընդդեմ ՀԱՅԵՐԻ։

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
  • ❤ 5
  • 👍 3
  • 💯 2
More from @referentiaeorientales
  1. Sep 22, 2026⚠️ Азербайджанский псевдорелигиозный проект в Арцахе: от Дадиванка к Гандзасару 📍 Недавне…
  2. Sep 22, 2026⚠️ Ադրբեջանական կեղծ-կրոնական նախագիծը Արցախում. Դադիվանքից մինչև Գանձասար 📍 Այսպես կոչվա…
  3. Sep 16, 2026🥷🏻♟️Разведывательные шахматы: Тайные союзы MİT и Mossad против армян (ЧАСТЬ 2) (ЧАСТЬ 1)…
  4. Sep 16, 2026🥷🏻♟️Հետախուզական շախմատ. MİT-ի և Mossad-ի գաղտնի դաշինքներն ընդդեմ հայերի (ՄԱՍ 2) (ՄԱՍ 1…
  5. Sep 14, 2026🥷🏻♟️Разведывательные шахматы: Тайные союзы MİT и Mossad (ЧАСТЬ 1) После формирования Вес…
  6. Sep 8, 2026🔥📈Հայ-թուրքական առևտուր․ Խաղաղության «մասնավոր» պատրանք, թե՞ տնտեսական ծուղակ Երբ քաղաքա…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →