🔥📈Հայ-թուրքական առևտուր․ Խաղաղության «մասնավոր» պատրանք, թե՞ տնտեսական ծուղակ
Երբ քաղաքական ու դիվանագիտական հարթակում բանակցությունները դանդաղում են կամ բախվում Անկարայի կողմից առաջադրվող խիստ նախապայմաններին, թուրքական դիվանագիտական դպրոցը գործի է դնում իր փորձարկված գործիքակազմերից մեկը՝ «Track II»-ը կամ գործարար դիվանագիտությունը (Business Diplomacy)։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու թուրքական Վանի առևտրաարդյունաբերական պալատի միջև Սեպտեմբերի 3-4-ին Երևանում կայացած հանդիպումներն ու դրանց հետևած «վստահության ամրապնդման» մասին հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս խորապատկերում։
🛣️Այս գործընթացում պատահական չէ հենց Վանի առևտրաարդյունաբերական պալատի ընտրությունը․ Վանը Արևելյան Անատոլիայի տնտեսական հաբն է, որը տասնամյակներ շարունակ տառապում է փակ սահմաններից ու քրդական գործոնով պայմանավորված տնտեսական սահմանափակումներից։ Անկարան հստակ հաշվարկում է, որ իր արևելյան նահանգների տնտեսական աշխուժացումը հնարավոր է իրականացնել հարևան Հայաստանի շուկայի հաշվին, սակայն սա հավասարազոր առևտուր չէ, այլ թուրքական ապրանքների ու կապիտալի էքսպանսիայի փորձ դեպի փոքր հայկական շուկա, ինչը երկարաժամկետ կտրվածքով ուղղակի սպառնալիք է տեղական արտադրողի համար։
📮Տնտեսական էքսպանսիայից զատ, այս գործընթացն ունի ավելի խորքային՝ «փափուկ ուժի» (Soft Power) քաղաքական նպատակ։ Ապրանքաշրջանառության ու «համատեղ ներդրումների» խոստումների միջոցով Անկարան փորձում է Հայաստանում ձևավորել թուրքական կապիտալով շահագրգռված բիզնես-էլիտայի մի հատված։ Այդ խումբը դառնալու է այն ներսի տնտեսական հենարանը, որն ակտիվորեն լեգիտիմացնելու և հանրայնորեն արդարացնելու է Հայաստանի քաղաքական իշխանությունների որդեգրած զիջողական կուրսը՝ Անկարայի ու Բաքվի պահանջների (սահմանների բացում, միջանցքային տրամաբանություն) անվերապահ կատարումը փաթեթավորելով որպես «ալտերնատիվ տնտեսական զարգացում»։
🗺️Միևնույն ժամանակ, Վանի գործարարների այցը Երևան նաև արտաքին սպառման դեկորացիա է․ Անկարան Արևմուտքին ցույց է տալիս, թե իբր «ժողովրդական ու տնտեսական մակարդակով հարաբերությունները կարգավորվում են», մինչդեռ պաշտոնական մակարդակում սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը շարունակում է ուղղակիորեն շաղկապել Բաքվի պահանջների հետ։ Այսպիսով, երևանյան հանդիպումները պարզապես բիզնես-ֆորում չեն, այլ թուրքական տնտեսական էքսպանսիայի և «փափուկ ուժի» դասական օրինակ, որտեղ առևտրի շղարշի տակ թաքնված են հստակ հաշվարկված աշխարհաքաղաքական նպատակներ։
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
Post #258
198

- 👍 5
- ❤ 2
- 💯 2