🥷🏻💼1999-ի Օջալանի ֆիասկոյից մինչև փակ դռների հետևում ձեռքսեղմումներ
Լրատվական հոսքերը սովորաբար սահմանափակվում են չոր արձանագրությամբ. Թուրքիայի հետախուզության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը գաղտնի այցելել է Աթենք, հանդիպել հունական EYP-ի ղեկավարին, քննարկել Էգեյան ծովը, միգրացիան ու Մերձավոր Արևելքը։ Սա այն մակերեսային ինֆորմացիան է, որը կարելի է գտնել ցանկացած լրատվական կայքում։ Բայց իրական քաղաքականությունն ու հետախուզական մայրուղիները միշտ անցնում են այնտեղ, որտեղ տեսախցիկները չեն հասնում։
🖋️Իրականում Իբրահիմ Քալընի հայտնվելը Աթենքում միջպետական սովորական դիվանագիտության ժանրից չէ։ Քալընը պարզապես գերատեսչության ղեկավար չէ. նա Էրդողանի գաղափարական կամքի գլխավոր կրողն ու Անկարայի արտաքին քաղաքականության հիմնական ճարտարապետներից է, մարդ, ում համար հատուկ ծառայությունը պետության գոյաբանական պայքարի գործիք է։ Երբ նման մասշտաբի ֆիգուրը առանց աղմուկի գնում է Աթենք, դա նշանակում է, որ սովորական դիվանագիտական խողովակները սպառել են իրենց կամ դարձել են չափազանց դանդաղ ու հրապարակային՝ տեկտոնական փոփոխությունների այս փուլում արագ որոշումներ կայացնելու համար։
🇹🇷🇬🇷Հունաստանն ու Թուրքիան տասնամյակներ շարունակ գտնվել են հակամարտության մեջ։ 1999 թվականի հայտնի Օջալանի սկանդալն ու քենիական օպերացիան հիշեցնում են, թե ինչպես էր ավարտվում, երբ երկու հատուկ ծառայությունները փորձում էին միմյանց թիկունքում «երկրորդ ճակատ» բացել։ Երբ Աբդուլլահ Օջալանը (Ապո) ստիպված եղավ լքել Սիրիան, նա փնտրում էր ապաստան Եվրոպայում, ինչպես նաև որոշ ժամանակ ապրել է Ռուսաստանում՝ անհաջող փորձելով քաղաքական ապաստան ստանալ։ Ավելի ուշ Հունաստանի որոշակի քաղաքական ու հետախուզական շրջանակներ ծածուկ աջակցեցին քրդական շարժմանը՝ դրանում տեսնելով Թուրքիայի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հնարավորություն։
⛓️💥Օջալանին գաղտնի տեղափոխեցին Աթենք, իսկ այնուհետև՝ Քենիայում Հունաստանի դեսպանատուն: Սակայն թուրքական հետախուզությունը (MİT)՝ ամերիկյան հատուկ ծառայությունների տեխնիկական աջակցությամբ, կարողացավ բացահայտել հունական հետախուզության (EYP) այս գաղտնի գործողությունը: MİT-ի հատուկ ջոկատայինները Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում առևանգեցին Օջալանին հենց այն պահին, երբ նրան հունական դեսպանատնից տեղափոխում էին օդանավակայան: Այդ ժամանակ հունական հետախուզության ձախողումը արժեցավ մի քանի նախարարի պաշտոն և երկիրը կանգնեցրեց իրական պատերազմի եզրին։
📍Այսօր, սակայն, մոտեցումն արմատապես փոխվել է։ Հետախուզությունների ղեկավարների մակարդակով այս խորհրդապահական շփումները ոչ թե հանկարծակի բարեկամության կամ վստահության հայտ են, այլ սառնասիրտ, հաշվարկված «կարմիր գծերի» հաստատում։ Անկարան և Աթենքը փորձում են կանխել այնպիսի սցենարներ, որտեղ գլոբալ ուժերի բախումը կարող է Էգեյան ավազանը վերածել երկրորդ Մերձավոր Արևելքի։ Երբ հետախուզությունները խոսում են առանց վկաների, դա նշանակում է, որ քաղաքական գործիչների հրապարակային հռետորաբանության հետևում սկսվել է ռիսկերի վերահսկման իրական, փակ գործընթաց։
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
Post #254
164


- ❤ 3
- 👍 3
- 💯 3