⚖️ 🥷🏻Չբացահայտված սպանություն. Անկարան վերաբացում է MİT-ի նախկին հետախույզի մահվան գործը
Թուրքական հետախուզական համայնքում կան անուններ, որոնք նույնիսկ տարիներ անց շարունակում են ստվեր գցել Անկարայի քաղաքական էլիտայի վրա։ Դրանցից թերևս ամենախորհրդավորը Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) արտաքին գործողությունների բաժնի նախկին ղեկավար Քաշիֆ Քոզինօղլուն է։ Օրերս թուրքական իրավապահ համակարգը աղմկահարույց քայլ արեց. Քոզինօղլուի մահվան գործը պաշտոնապես փոխանցվեց «Չբացահայտված հանցագործությունների բաժին» (Faili Meçhul Bürosu):
🥷🏻Քոզինօղլուն «հին դպրոցի» դասական ներկայացուցիչ էր։ Սկսելով կարիերան հատուկ նշանակության ուժերից (Bordo Bereliler)՝ նա հետագայում MİT-ում ստանձնեց ամենապատասխանատու ուղղությունները՝ Կենտրոնական Ասիան, Աֆղանստանը և Մերձավոր Արևելքը։ Սակայն 2011 թվականին «Ergenekon» աղմկահարույց գործի շրջանակում, նա հանկարծակի ձերբակալվեց պետական գաղտնիքների արտահոսքի մեղադրանքով։
2011 թվականի նոյեմբերի 12-ին, Սիլիվրիի խիստ ռեժիմով բանտում 55-ամյա Քոզինօղլուն հանկարծամահ եղավ «սրտի կաթվածից»։ Պաշտոնական վարկածով՝ նրա սիրտը չէր դիմացել ինտենսիվ մարզումներին։ Բայց նա մահացավ դատարանում իր առաջին ցուցմունքը տալուց ընդամենը 10 օր առաջ։
📇⚖️Քոզինօղլուն պատրաստվում էր դատավորների առջև դնել ծանրակշիռ փաստաթղթեր։ Դրանք վերաբերում էին MİT-ի ներսում ընթացող ազդեցության պատերազմին և Գյուլենական ցանցի (FETÖ) խորքային ներթափանցմանը հետախուզական ապարատ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում դպրոցների ցանցի միջոցով իրականացվող ստվերային գործողություններին։
📍Նրա մահից անմիջապես հետո խցից բռնագրավվեցին հարյուրավոր էջերով ձեռագիր նշումներ, որոնք այդպես էլ ամբողջությամբ լույս աշխարհ չեկան։ Հետախույզը տարավ իր հետ այնպիսի գաղտնիքներ, որոնք այդ պահին կարող էին փլուզել թուրքական ուժային վերնախավի հավասարակշռությունը։ Գործի վերաբացումը «չբացահայտված սպանությունների» հոդվածով վկայում է, որ թուրքական պետական ապարատում «հին» ու «նոր» հետախուզական դպրոցների, ինչպես նաև ստվերային խմբավորումների հաշիվները դեռևս վերջնականապես փակված չեն։
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
Post #252
204

- 👍 4
- 🤔 3