2020 թվականի սեպտեմբերի 26-ը կրկին շաբաթ օր էր։
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի վերջին օրը Քաղաքիս տոնն է։
Ինչպես միշտ, ստեփանակերտցիները դուրս էին գալիս մաքրությունից շողացող փողոցներ, զբոսնում այգիներում ու Վերածննդի հրապարակում, մասնակցում տոնական միջոցառումներին։
Երեկոյան Քաղաքի օդը լցվում էր բակերում ու պատշգամբներում պատրաստվող խորովածի բույրով։
Փողոցներում արցախյան բարբառը խառնվում էր հայերենի առօրյա խոսակցականին։ Հայաստանի տարբեր անկյուններից մեր հայրենակիցները եկել էին Քաղաքի տոնը միասին նշելու։
Այդ օրը մենք էլ հյուրեր ունեինք։
Երեկոյան արդեն ավանդական հավաքույթն էր «Ֆլորենսում»։ Մի երիտասարդ ջութակ էր նվագում։ Այնքա՜ն տխուր, այնքա՜ն մելամաղձոտ։
Շնորհավորում էինք Քաղաքիս տոնը, իրար մաղթանքներ հղում, բայց մի տեսակ սակավաբառ ու քչախոս էինք դարձել։
Կեսգիշերին հրաժեշտ տվեցինք իրար՝ պայմանավորվելով առավոտյան կրկին հանդիպել։
Իսկ առավոտյան պատերազմ էր…
Սկզբում դեռ հավատում էինք, որ մեր քաջարի Զինվորը խաղաղության վերջին փամփուշտն է բաց թողնելու և պահելու է իր հողը։
Բայց ընդամենը երեք օր անց Քաղաքի Եղբայրական պանթեոնում արդեն երկու շարք գերեզմանափոս էր փորված։
Այդ փոսերում թաղվում էր ոչ միայն մեր տղաների մարմինը, այնտեղ փորձում էին թաղել մեր Հայրենիքի ապագան։
Եվ այսօր, վեց տարի անց, մենք իրավունք չունենք այդ օրերը հիշել պարզապես որպես պատերազմի օրեր։
Որովհետև պատերազմը մի բան է, իսկ պատերազմը տանուլ տալու քաղաքական պատասխանատվությունը՝ այլ։
Մեր տղաները կռվում էին, զոհվում էին, պահում էին այն հողը, որի յուրաքանչյուր թիզը նրանց արյամբ էր պաշտպանված։
Իսկ նրանց թիկունքում քաղաքական իշխանությունը որոշում էր հանձնել Հայրենիքը։
Հետո եղավ ամենադաժանը։
Հանձնեցին Հայրենիքը։
Հանձնեցին մեր զոհերի պահած հողը։
Հանձնեցին մեր տների, եկեղեցիների, գերեզմանների, մանկության ու հիշողությունների աշխարհը։
Եվ այդ ամենից հետո նրանք շարունակեցին իշխանավարել։
Մնացին ու սկսեցին ոչ միայն արդարանալ, այլև վերաշարադրել պատմությունը։
Սկսեցին մեղադրել նրանց, ովքեր կռվել էին։
Մեղադրել նրանց, ովքեր զոհվել էին։
Մեղադրել նրանց, ովքեր ողջ էին մնացել։
Մեղադրել նրանց, ովքեր այսօր պահանջում են պատասխաններ։
Իսկ ամենասարսափելին՝ փորձում են մեղավոր դարձնել նույնիսկ զոհի հիշողությունը։
Արյունոտ ձեռքերով իշխանավարեցին, կեղեքեցին, բռնացան ժողովրդի կամքի վրա և այսօր էլ փորձում են լռեցնել այն հարցը, որից երբեք չեն կարողանալու փախչել.
Ինչու՞ հանձնեցին Հայրենիքը։
Միևնույն է այս հարցը չի ջնջվելու հայտարարություններով։
Չի ջնջվելու քարոզչությամբ։
Չի ջնջվելու ընտրություններով։
Չի ջնջվելու ժամանակի անցնելով։
Որովհետև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտը սկսվեց պատերազմով, բայց դրան հաջորդած աղետը միայն պատերազմի մասին չէ։
Այն քաղաքական պատասխանատվության մասին է։
Իսկ պատասխանատվությունից փախչող իշխանությունը կարող է երկար խոսել խաղաղությունից, ժողովրդավարությունից և ժողովրդի անունից, բայց չի կարող փոխել մեկ պարզ փաստ.
Հայրենիքը հանձնվեց, իսկ հանձնողներն այսօր էլ շարունակում են իշխանավարել։
Իսկ մենք հիշելու ենք մեր զոհված քաջորդիներին, մեր կորցրած Հայրենիքը, Քաղաքիս վերջին խաղաղ տոնը…և նրանց, ովքեր այդ ամենի համար պետք է պատասխան տան։
Սեպտեմբերի 26-ը մեր վերջին խաղաղ երեկոն էր։
Իսկ սեպտեմբերի 27-ը դարձավ այն օրվա սկիզբը, որի պատասխանները դեռ 6 տարի անց էլ սպասում են իրենց դատաստանին։
Post #450
59
- 😢 3