TGViewer
Channel Public Channel
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան

𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան

@metaqse

ԱՀ ԱԺ ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Subscribers
219
Photos
138
Videos
41
Links
88
Recent Posts 18 shown
Post #457 114
Մեկ օրվա ընթացքում՝ երկու իրադարձություն։ Եվ երկուսն էլ՝ Հայաստանի իշխանության իրական դեմքի հերթական բացահայտումը։

Թրամփը հայտարարում է, թե Պուտինը տասը տարի չի կարողացել կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ ինքը դա արել է երկու օրում։ Մի նախադասություն, որը Հայաստանի իշխանությունը պարտավոր էր գնահատել ոչ թե որպես խաղաղության հաղթանակ, այլ որպես Հայաստանի ու Արցախի ճակատագրի շուրջ կայացված որոշումների և դրանց իրական գնի մասին լուրջ հարցերի առիթ։

Նույն օրը Հայաստանի վարչապետը Թուրքմենբաշիում ադրբեջանական տաղավարում ծանոթանում է Ադրբեջանի «մշակութային ավանդույթներին»՝ ներառյալ «Ղարաբաղի տան» ցուցադրությունը։ Այն Ղարաբաղի, որտեղից հայաթափվել է բնիկ հայ ժողովուրդը, որտեղ այսօր պատանդ են պահվում հայեր, իսկ հայկական մշակութային ժառանգությունը յուրացվում ու ներկայացվում է որպես ադրբեջանական։

Եվ այս ամենը՝ այն պայմաններում, երբ Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը մնում է չիրացված, իսկ Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակումը՝ չլուծված խնդիր։

Այս ամենը դիվանագիտական անզգուշության մասին չէ։ Սա քաղաքականության, արժանապատվության և սեփական ժողովրդի շահերը պաշտպանելու անկարողության մասին է։

Երբ երկրի ղեկավարը պատրաստ է հարմարվել թշնամու օրակարգին, երբ Արցախը վերածվում է բանակցային մանրադրամի, իսկ հայ ժողովրդի ողբերգությունը՝ անտեսանելի ֆոնի, ապա ո՞ւմ շահերն է սպասարկում այդ իշխանությունը։

Այս իշխանության օրոք խաղաղության մասին խոսում են, իսկ պարտության հետևանքները դարձել են մեր ժողովրդի առօրյան։ Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում։

Մեկ օրն էլ բավական է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ։

Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել։ Բավական է, որ երկրի ներսում իշխանության լինեն մարդիկ, որոնք սեփական ժողովրդի շահերը պաշտպանելու կարողություն չունեն, միևնույն ժամանակ Արցախը ոչնչացնողների, Հայաստանը զավթել ցանկացողների կամակատարներն են։
  • ❤ 4
  • 💯 1
Post #456 35
Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, այն հիշելը՝ խաղաղությունը մերժել չէ, իսկ արցախահայության իրավունքների ու կորստի մասին բարձրաձայնելը՝ Հայաստանի դեմ գործել չէ։

Ինչպե՞ս կարող է սեփական պատմական հայրենիքի հիշողությունը սպառնալիք դառնալ Հայաստանի անվտանգությանը։ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է։ Սա ընտրություն չէ, այլ փորձ՝ ազգային հիշողությունը ներկայացնելու որպես վտանգ, իսկ լռությունը՝ որպես պետական շահ։ Եթե խաղաղությունը պահանջում է մոռացություն, իսկ անվտանգությունը՝ լռություն, ապա խնդիրը ոչ թե Արցախի մասին խոսելու, այլ այդպիսի խաղաղության ու անվտանգության պատկերացման մեջ է։

Պետությունը չի կարող ամրապնդել իր անվտանգությունը՝ սեփական ժողովրդի պատմական հիշողությունը վտանգավոր հռչակելով։ Եթե Հայաստանի անվտանգությունը պայմանավորում են Արցախի մասին լռությամբ, ապա դա ոչ թե անվտանգության քաղաքականություն է, այլ ազգային ինքնության նահանջ՝ խաղաղության անվան տակ։ Եվ եթե պետությունը պահպանելու համար պետք է ուրանալ սեփական պատմությունը, ապա հարց է՝ ի՞նչ ենք մենք իրականում պահպանում՝ պետությո՞ւնը, թե՞ նրա գոյությունը բովանդակությունից զրկող քաղաքական ուղին։

Հակոբ Հակոբյան
  • 👍 2
  • 💯 2
Post #455 45
Նիկոլի վերջին մտքերը շատ բան են ասում։

Ադրբեջանցի զինծառայողը մտնում է Հայաստանի տարածք, սակայն ՀՀ վարչապետի համար դեռ պարզ չէ՝ նա ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ պարզապես մոլորվել է։

Պատկերացնո՞ւմ եք՝ եթե հայկական զինծառայողը հայտնվեր Ադրբեջանի տարածքում, Ալիևը նրան «մոլորված զինվոր» կհամարե՞ր։

Բայց ամենաուշագրավը նույնիսկ սա չէ։

❗️Փաշինյանն ասում է՝ ադրբեջանցի զինծառայողի և Բաքվում պահվող հայ գերիների հարցերը «տարբեր թեմաներ են» և միմյանց հետ չպետք է կապել։

Այսինքն՝ ադրբեջանցի զինվորի վերադարձը պետք է դիտարկել որպես սովորական ընթացակարգ, իսկ Բաքվում պահվող հայերի ազատությունը՝ որպես բոլորովին այլ հարց։

Իսկ եթե վաղը Հայաստանից զինվոր անցնի Ադրբեջան, Փաշինյանի տրամաբանությամբ, բա մենք ո՞ւմ ենք տալու։

Այս հարցն ինքն է հնչեցնում, բայց չի տալիս ամենակարևոր պատասխանը։

Պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացուն՝ հատկապես զինվորին։ Եվ եթե Ադրբեջանի զինծառայողը ապօրինի հայտնվել է Հայաստանի տարածքում, նրա հետագա ճակատագիրը չի կարող որոշվել այնպես, կարծես տեղի է ունեցել ընդամենը սահմանային «փոխադարձ անցուդարձ»։

Առավել ևս՝ երբ նույն պահին Բաքվում հայեր են պահվում։

Եվ սա դեռ ամենը չէ։

Փաշինյանի մյուս «բացատրությունն» էլ ավելի վտանգավոր է։

❗️Նա ասում է՝ քանի որ «խաղաղություն է», զինվորների զգոնությունը թուլացել է, և մարտական դիրքում չքնելու մոտիվացիան պակասել է։

Այսինքն՝ այն պայմաններում, երբ Հայաստանի սահմանին ադրբեջանական զինծառայողը կարողանում է հայտնվել հայկական բնակավայրում, նիկոլներն ասում են՝ «խաղաղություն է»։

Համոզված եմ, սա ոչ թե պարզապես խոսքի անհաջող ձևակերպում է։

Սա պետական մտածողության խնդիր է։

Երբ թշնամու զինծառայողի հայտնվելը Հայաստանի տարածքում փորձում են նախ և առաջ ներկայացնել որպես «մոլորվելու» հնարավոր դեպք, իսկ հայկական զինվորի զգոնության թուլացումը բացատրում են «խաղաղությամբ», մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացահայտ ստում է՝ իրականությունը հարմարեցնելով իր «խաղաղության օրակարգին», այլ ոչ թե իր օրակարգը՝ իրականությանը։

Իսկ ամեն բան առավել քան հստակ է։ Սահմանը սահման է։ Զինվորը՝ զինվոր է։ Գերին՝ գերի է։ Իսկ պետության առաջին պարտականությունը սեփական երկրի և սեփական քաղաքացու անվտանգությունն է։

Մնացած ամեն ինչ՝ դավաճանության, անկարողության արդարացումներ են։
  • 💯 3
Post #454 53
Այսօր արդեն դժվար է որևէ մեկին համոզել, թե այս իշխանությունները կարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացուն։

Սյունիքի Շաքի բնակավայրում տեղի ունեցածը դրա հերթական և շատ վտանգավոր հաստատումն է։

Ադրբեջանցի զինծառայողը հատում է ՀՀ սահմանը, հասնում հայկական բնակավայր և կրակում ՀՀ քաղաքացու վրա։

Օրվա իշխանությունները ասում էին և շարունակում են պնդել, թե Արցախը հանձնեցին՝ Հայաստանը «փրկելու», սահմանները խաղաղեցնելու և «խաղաղության դարաշրջան» բերելու համար։

Բայց որտե՞ղ է այդ խաղաղությունը։

Համենայն դեպս ես վստահ եմ, որ Արցախը հանձնած նիկոլները նույնիսկ ունակ չեն հասարակությանը տալ ամբողջական և հրապարակային պարզաբանում՝ ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հատել ՀՀ սահմանը, հասել բնակավայր և զինված հարձակում իրականացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ։

Ունակ չէ անհապաղ ուժեղացնել սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիների անվտանգությունը, որպեսզի նման ներթափանցման և հարձակման կրկնության հնարավորություն չլինի։

Ունակ չէ ադրբեջանական կողմին ներկայացնելու հստակ պահանջ՝ ապահովել նման դեպքերի բացառումը։

Եվ կարևորը՝ Հայաստանի իշխանությունը պարտավոր է այս միջադեպը կապել Ադրբեջանում պահվող հայերի հարցի հետ և պահանջել մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը։ Պետք է օրակարգ բերի փոխանակման հստակ մեխանիզմը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Միանգամայն հստակ է, որ տեղի ունեցածը սահմանային միջադեպի հարց չէ։

Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության և պետության՝ իր քաղաքացիներին պաշտպանելու կարողության հարց է։

Ոչ թե լռություն, ոչ թե հերթական հայտարարություն, այլ՝ անվտանգություն, պատասխանատվություն և մեր հայրենակիցների վերադարձի համար կոնկրետ գործողություններ։
  • 💯 2
Post #453 50
Պետք է ոչ միայն արձանագրել տեղի ունեցածը, այլև պետք է ձևավորել և պահպանել Արցախի ժողովրդի քաղաքական օրակարգը։

Օրակարգի հիմքում, իմ համոզմամբ, պետք է լինեն առնվազն հինգ ուղղություններ։

🔺Արցախի ժողովրդի քաղաքական ներկայացվածության պահպանումը։

🔺Վերադարձի իրավունքի քաղաքական և միջազգային օրակարգի պահպանումը։

🔺Արցախի ժողովրդի սեփականության և այլ իրավունքների միջազգային պաշտպանության շարունակականությունը։

🔺Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցի հետևողական բարձրացումը։

🔺Հայաստանում Արցախահայության արժանապատիվ, կայուն և ինքնուրույն կյանքի ապահովումը։

Արցախցուն պետք չէ դիտարկել միայն որպես սոցիալական աջակցության շահառու։
Նա իր իրավունքներով մարդ է, քաղաքացի, ընտանիքի անդամ, մասնագետ, ձեռնարկատեր և, ամենակարևորը՝ Արցախի ժողովրդի մաս…
  • 💯 3
Post #452 57
Post #451 58
Արցախի հայաթափումը կազմակերպելու և իրագործելու համար գործող վարչախումբը առանց վարանելու զոհեց հազարավոր քաջորդիների…
  • 💯 3
Post #450 59
2020 թվականի սեպտեմբերի 26-ը կրկին շաբաթ օր էր։

Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի վերջին օրը Քաղաքիս տոնն է։

Ինչպես միշտ, ստեփանակերտցիները դուրս էին գալիս մաքրությունից շողացող փողոցներ, զբոսնում այգիներում ու Վերածննդի հրապարակում, մասնակցում տոնական միջոցառումներին։

Երեկոյան Քաղաքի օդը լցվում էր բակերում ու պատշգամբներում պատրաստվող խորովածի բույրով։

Փողոցներում արցախյան բարբառը խառնվում էր հայերենի առօրյա խոսակցականին։ Հայաստանի տարբեր անկյուններից մեր հայրենակիցները եկել էին Քաղաքի տոնը միասին նշելու։

Այդ օրը մենք էլ հյուրեր ունեինք։

Երեկոյան արդեն ավանդական հավաքույթն էր «Ֆլորենսում»։ Մի երիտասարդ ջութակ էր նվագում։ Այնքա՜ն տխուր, այնքա՜ն մելամաղձոտ։

Շնորհավորում էինք Քաղաքիս տոնը, իրար մաղթանքներ հղում, բայց մի տեսակ սակավաբառ ու քչախոս էինք դարձել։

Կեսգիշերին հրաժեշտ տվեցինք իրար՝ պայմանավորվելով առավոտյան կրկին հանդիպել։

Իսկ առավոտյան պատերազմ էր…

Սկզբում դեռ հավատում էինք, որ մեր քաջարի Զինվորը խաղաղության վերջին փամփուշտն է բաց թողնելու և պահելու է իր հողը։

Բայց ընդամենը երեք օր անց Քաղաքի Եղբայրական պանթեոնում արդեն երկու շարք գերեզմանափոս էր փորված։

Այդ փոսերում թաղվում էր ոչ միայն մեր տղաների մարմինը, այնտեղ փորձում էին թաղել մեր Հայրենիքի ապագան։

Եվ այսօր, վեց տարի անց, մենք իրավունք չունենք այդ օրերը հիշել պարզապես որպես պատերազմի օրեր։

Որովհետև պատերազմը մի բան է, իսկ պատերազմը տանուլ տալու քաղաքական պատասխանատվությունը՝ այլ։

Մեր տղաները կռվում էին, զոհվում էին, պահում էին այն հողը, որի յուրաքանչյուր թիզը նրանց արյամբ էր պաշտպանված։

Իսկ նրանց թիկունքում քաղաքական իշխանությունը որոշում էր հանձնել Հայրենիքը։

Հետո եղավ ամենադաժանը։

Հանձնեցին Հայրենիքը։

Հանձնեցին մեր զոհերի պահած հողը։

Հանձնեցին մեր տների, եկեղեցիների, գերեզմանների, մանկության ու հիշողությունների աշխարհը։

Եվ այդ ամենից հետո նրանք շարունակեցին իշխանավարել։

Մնացին ու սկսեցին ոչ միայն արդարանալ, այլև վերաշարադրել պատմությունը։

Սկսեցին մեղադրել նրանց, ովքեր կռվել էին։

Մեղադրել նրանց, ովքեր զոհվել էին։

Մեղադրել նրանց, ովքեր ողջ էին մնացել։

Մեղադրել նրանց, ովքեր այսօր պահանջում են պատասխաններ։

Իսկ ամենասարսափելին՝ փորձում են մեղավոր դարձնել նույնիսկ զոհի հիշողությունը։

Արյունոտ ձեռքերով իշխանավարեցին, կեղեքեցին, բռնացան ժողովրդի կամքի վրա և այսօր էլ փորձում են լռեցնել այն հարցը, որից երբեք չեն կարողանալու փախչել.

Ինչու՞ հանձնեցին Հայրենիքը։

Միևնույն է այս հարցը չի ջնջվելու հայտարարություններով։

Չի ջնջվելու քարոզչությամբ։

Չի ջնջվելու ընտրություններով։

Չի ջնջվելու ժամանակի անցնելով։

Որովհետև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտը սկսվեց պատերազմով, բայց դրան հաջորդած աղետը միայն պատերազմի մասին չէ։

Այն քաղաքական պատասխանատվության մասին է։

Իսկ պատասխանատվությունից փախչող իշխանությունը կարող է երկար խոսել խաղաղությունից, ժողովրդավարությունից և ժողովրդի անունից, բայց չի կարող փոխել մեկ պարզ փաստ.

Հայրենիքը հանձնվեց, իսկ հանձնողներն այսօր էլ շարունակում են իշխանավարել։

Իսկ մենք հիշելու ենք մեր զոհված քաջորդիներին, մեր կորցրած Հայրենիքը, Քաղաքիս վերջին խաղաղ տոնը…և նրանց, ովքեր այդ ամենի համար պետք է պատասխան տան։

Սեպտեմբերի 26-ը մեր վերջին խաղաղ երեկոն էր։

Իսկ սեպտեմբերի 27-ը դարձավ այն օրվա սկիզբը, որի պատասխանները դեռ 6 տարի անց էլ սպասում են իրենց դատաստանին։
  • 😢 3
Post #449 49
2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը…վառելիքի պայթյունը խլեց հարյուրավոր արցախցիների կյանքեր։

Մարդիկ, որոնք բռնի տեղահանության ճանապարհին փորձում էին փրկել իրենց ընտանիքները, բայց այդպես էլ տուն չհասան։

Եվ այս ողբերգությունը մինչ այսօր ավարտված չէ։

22 մարդ համարվում է անհայտ կորած։ 22 ընտանիք երեք տարի անց էլ սպասում է պատասխանների, սպասում է իր հարազատի ճակատագրի մասին ճշմարտությանը։

Ո՞վ էր պատասխանատու այդ օրերին ՊԲ-ում մարդկանց անվտանգության, վառելիքի կուտակման և տեղի ունեցածի կանխման համար։

Այն ժամանակվա ՊԲ հրամանատարը այսօր տաքուկ տեղավորվել է, պաշտոն ունի, մինչդեռ զոհերի և անհայտ կորածների հարազատները շարունակում են ապրել իրենց ցավով ու անպատասխան հարցերով։ Եվ, ըստ ընտանիքների, մինչ օրս անգամ չի հանդիպել նրանց։

Ոչ պաշտոնը, ոչ էլ ժամանակը չեն վերացնում պատասխանատվությունը։

Զոհերի ընտանիքները իրավունք ունեն պատասխանների։ Անհայտ կորածների ընտանիքները իրավունք ունեն ճշմարտության։ Իսկ պատասխանատուները պիտի պատասխան տալ։

Հավերժ հիշատակ զոհերին։
Ուժ՝ անհայտ կորածների ընտանիքներին։

Արցախի այս ողբերգությունը չպետք է լռության մատնվի։
  • 💯 3
Post #448 60
Արցախցուն Հայաստանում արժանապատիվ կյանք ապահովելը և Արցախ վերադարձի իրավունքը պաշտպանելը միմյանց հակադիր նպատակներ չեն։ Պետության սոցիալական քաղաքականությունը չպետք է վերածվի վերադարձի իրավունքի փոխարինման։
Post #447 97
Հիմա էլ, ինչպես երեք տարի առաջ օրը կսկսեմ սովորականի պես՝ սովորական դարձած շրջափակման մեջ, որովհետև այդպես էլ մնացի այնտեղ…Մտովի երեխաներիս հետ անվերջանալի թվացող ճանապարհը կանցնեմ, որ դպրոց հասնեմ։ Կմտնեմ դասարան, կստիպեմ ինձ սառած աչքերով ժպտալ, կնայեմ սոված աշակերտներիս պատասխաններ փնտրող աչուկներին ու մաթեմատիկայի փոխարեն կսկսեմ նկարագրել սերը Հայրենիքի նկատմամբ։

Ու այդպես էլ այդ օրը չի ստացվի կենտրոնանալ խնդրի լուծման վրա ու ինչպես ամեն բան իմ կյանքում՝ այն ևս կընդհատվի…
Դասաժամի ավարտից հետո հազարավոր պատճառներ կհորինեմ ու կորոշեմ տուն վերադառնալ։ Ճանապարհին կհանդիպեմ
կգ-ը 3000 դրամով լոբի վաճառող մի կնոջ ու մի պահ ինձ երջանկության թեթևացնող զգացումը կպարուրի։ Գնածս 2 կգ լոբին կնշանակի կարճաժամկետ հաղթանակ ու հույս, որ դեռ լավն ու իրական հաղթանակն առջևում է։ Ժամը 10-ին կհաղթահարեմ տուն տանող վերընթաց ճանապարհը, շունչ առնելու համար կմտնեմ մեր թաղի փոքրիկ խանութը, որը դատարկ, բայց սովորույթի համաձայն բաց է։
Մղկտացող ոտքերիս վայելքը երկարաձգելու համար կսկսեմ լուրերը կարդալ…ադրբեջանական մի լրատվամիջ գրում է, որ անհրաժեշտ է Արցախում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկը տալ։ Երջանկության ողջ պատրանքը հօդս կցնդի ու կսկսեմ զանգեր անել։ Բոլորը կսկսեն ինձ հանգստացնել, որ անհանգստանալու պատճառ չկա, ինչ-որ բան ճիշտ չեմ հասկացել։ Երանի թե այդպես լիներ…
Թուլացած ոտքերս ծանրացած մարմինս կշարունակեն քարշ տալ դեպի տուն։ Մի բաժակ անհայտ ծագման «սուրճով» դուրս կգամ տանս բակ ու նստելուն պես աշխարհը կդղրդա…

ԱՐՑԱԽՈւՄ ՊԱՏԵՐԱԶՄ Է…

Կսկսեմ զանգել երեխաներիս. դպրոցում են…չի ստացվի
Կզանգեմ ամուսնուս… կրկին՝ անարդյունք, կապ չկա…

Ու կավարտվի ամեն բան, երբ կգա գիտակցումը. մեզ կրկին դավաճանեցին, այս անգամ ավելի դաժան…համաձայնություն տվեցին սպանել մեր երեխաներին, մեզ…

Հ.Գ. Արցախի մասին երգեր մի գրեք, Արցախի մասին զգույշ խոսեք…
  • 💯 3
Post #446 69
Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունը այլևս միայն Արցախի պետական կառույցների դեմ պայքար չէ։ Սա Արցախի՝ որպես հայկական քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանում Արցախի պետական կառույցներին տեղ չկա, իսկ Արցախի հայերի վերադարձի մասին խոսույթը պետք է դադարեցվի, հարցը դառնում է շատ ավելի ծանր։

Փաշինյանի քաղաքականության ամենալուրջ ազգային ռիսկը ոչ թե այն է, որ վաղը կվերանա հայ ժողովուրդը, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնակամ սահմանափակում է այն քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ գործիքները, որոնց միջոցով ապագա սերունդները կկարողանան պաշտպանել Արցախի հայության իրավունքներն ու վերականգնել պատմականորեն կորցրած դիրքերը, եթե ապագայում դրա համար ստեղծվեն բարենպաստ միջազգային պայմաններ։

Ի՞նչ ենք մենք թողնելու մեր երեխաներին։ Մի՞այն հիշողություն։ Մի՞այն պատմության դասագիրք։ Մի՞այն «այստեղ ապրել են հայեր» նախադասությունը։

Այսօր ասում են՝ խաղաղության համար պետք է փակել Արցախի հարցը։ Բայց խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստանը պետք է ինքնակամ զրկվի ապագայի հնարավորություններից։ Պատմությունը 10 կամ 20 տարի հետո կարող է փոխվել։ Միջազգային հարաբերությունները կարող են փոխվել։ Տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել։
Իսկ եթե այդ օրը գա, մենք ի՞նչ ենք ունենալու։

Հայաստանը իրավունք ունի խաղաղություն ընտրելու։ Բայց ոչ ոք իրավունք չունի ապագա սերունդների փոխարեն որոշելու, որ Արցախի հարցն այլևս երբեք քննարկելու իրավունք չունի։ Որովհետև այսօր Արցախը կարող է լինել քաղաքականապես, տարածքային կորցրած՝ բայց վաղվա աշխարհը մենք չենք ճանաչում։ Եվ պետականությունը հենց դրա համար է՝ ոչ միայն ներկան կառավարելու, այլև ապագայի հնարավորությունները պահպանելու համար։ Արցախի պետականության ինստիտուցիոնալ ժառանգությունը վերացնելը պարզապես անցյալի հետ հաշիվ փակել չէ։ Դա ապագայի քաղաքական հնարավորությունների կրճատում է։ ԵՎ պետք է հիշել, որ մենք հայրենիքը ոչ թե ժառանգում ենք ապագային, այլ ապագա սերունդից պարտքով վերցրել ենք և պետք է վերադարձնենք:

Արցախի Արդարություն կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյան
  • 💯 1
Post #445 57
Նիկոլն աշխարհի ամենա«անկեղծ» ղեկավարն է։

Այնքան «անկեղծ», որ ԱԺ-ի ամբիոնից հայտարարում է՝ իր ուղիղ ցուցումով դատախազությունը պատրաստվում է խլել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքը։

«Ժողովրդավարության բաստիոն»։
«Խաղաղություն»։
«Արդարադատություն»։
Այս բառերի ներքո նիկոլները սեփական ձեռքերով վերացնում են Արցախի պետական ներկայության նույնիսկ այն վերջին հետքերը, որոնք դեռ պահպանվել են Հայաստանում։

Հենց այսպես էլ «անկեղծ» նիկոլական իշխանությունը՝ ժողովրդավարության ու խաղաղության անունով քանդում է Հայաստանի պետականությունն ու ազգային հիշողությունը։
Post #444 65
Post #441 70
2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար։

Ոչ թե որովհետև պարտությունը միայն մեկ մարդու որոշման արդյունքն էր, այլ որովհետև պետության ղեկավարը պարտությունից հետո կրում էր քաղաքական պատասխանատվություն և պարտավոր էր իր տեղը զիջել՝ երկիրը նոր ռազմավարությամբ վերականգնելու հնարավորություն տալու համար։

Բայց նա չհրաժարվեց։

Եվ սկսվեց պարտվողական քաղաքական շղթան։

2020-ի պարտությունից հետո իշխանությունը պահպանվեց։

2021-ին Ադրբեջանը սկսեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել, իսկ մայիսին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Սյունիք և Գեղարքունիք։

2022-ի սեպտեմբերին արդեն լայնածավալ ագրեսիա իրականացվեց Հայաստանի դեմ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Ջերմուկը, Սոթքը, Կութը և բազմաթիվ սահմանամերձ բնակավայրեր հայտնվեցին ադրբեջանական կրակի տակ։

Ու այստեղ այլևս հնարավոր չէ ամեն ինչ ներկայացնել որպես «Արցախի հարց»։

❗️Ադրբեջանը հարվածում էր Հայաստանի Հանրապետությանը։

Հետևաբար 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե իրարից կտրված դրվագներով, այլ մեկ քաղաքական գործընթացի մեջ։

✔️Պարտություն։

✔️Քաղաքական պատասխանատվության չստանձնում։

✔️Իշխանության պահպանում։

✔️Ադրբեջանի պահանջների աճ։

✔️Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումներ։

✔️2022-ի լայնածավալ ագրեսիա։

Եվ այս ամբողջ ընթացքում նույն իշխանությունը շարունակում էր մնալ պետության ղեկին։

Սա է գլխավոր քաղաքական հարցը։

Ի՞նչ իրավունքով պարտված իշխանությունը 2020-ից հետո պահանջեց ժամանակ՝ իր քաղաքականությունը շարունակելու համար։

Եվ ավելի կարևոր է. ո՞վ է պատասխան տալու այն քաղաքականության համար, որի ընթացքում Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջները ոչ թե նվազեցին, այլ ընդլայնվեցին՝ Արցախից հասնելով Հայաստանի ինքնիշխան տարածք։

2020-ից հետո հրաժարական չտալը դարձավ քաղաքական ընտրություն։
Իսկ այդ ընտրության հետևանքները Հայաստանը վճարեց արդեն իր ինքնիշխան տարածքի, իր զինվորների և իր անվտանգության գնով։

Թող Աստված մեզ ուժ ու տոկունություն տա՝ արժանի լինելու հանուն Հայրենիքի նահատակված մեր քաջորդիների պատգամին։

Չհանձնվել, չուրանալ և շարունակել պայքարել Հայրենիքի համար՝ մինչև նրանց պատգամի իրագործումը։
  • 💯 2
Post #440 68
Նախկին ԱԽՔ-ը հպարտությամբ գրում է իր՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի մասին։

Իրականում նա Սերժ Սարգսյանին չէր մերժում։

Նա մերժեց Արցախը։

Մերժեցին մեր պատմությունը, մեր ազգային արժանապատվությունը, մեր բանակը, մեր պետական շահը։ Իսկ վերջում՝ մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել։

Մերժեցին մեր և մեր երեխաների անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքը։

Ու այս ամենի մեջ առանձնահատուկ դաժան հեգնանք կա․ այս գրքի հեղինակը ծնվել է Արցախում։

Մարդ, որի ծննդավայրն այսօր հայաթափված է, իսկ հայրենակիցները՝ բռնի տեղահանված, թվում է, թե չպետք է հպարտանա այն ճանապարհով, որի վերջնակետում հենց Արցախը հայտնվեց, սակայն հակառակն է…
Քանզի այս մարդու նոր կերպարով հայտնվելը գուժում է սպասվող առավել ծանր իրադարձությունների մասին, իսկ նրա «գրքի» վերնագիրը՝ մի ամբողջ քաղաքական սերնդի դատավճիռը։
Post #437 65
ԵԶԵԿԻԵԼ 37:26

Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Նրանց պիտի հաստատեմ ու բազմացնեմ և իմ սրբարանը նրանց մեջ կարգեմ հավիտյան։
  • ❤ 5
Post #436 65
Older posts →

About this channel

How can I read @metaqse without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for 𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does 𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան have?
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան (@metaqse) has 219 subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does 𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →