Մարդը կարող է Եկեղեցուն խոնարհ լինել, բայց, մեր ընկալմամբ, չի կարող «Եկեղեցու կողքին լինել» կամ «աջակցել Եկեղեցուն»։ Դա նույնն է, ինչ ասես՝ «Ես աջակցում եմ Աստծուն»։
Եկեղեցուն հավատարմությունը նախ և առաջ դրսևորվում է պատվիրաններով ապրելով, իսկ սխալվելու դեպքում՝ զղջալով և ներողություն խնդրելով։
Եթե դու հայհոյում ես Նիկոլի հակաեկեղեցական քաղաքականությունը, բայց քո կյանքում գողանում ես, սպանում ես, շնանում ես և դա քո կյանքի սկզբունքն է, ապա իրականում դու Եկեղեցուն խոնարհ չես։ Ավելին՝ քո ապրած կյանքով Եկեղեցու դեմ ես և, ըստ էության Նիկոլի կողքին։
Այս առիթով մի պատմություն պատմենք։
Երեք ուսանողական ընկերներ քննարկում էին, թե Աստվածաշնչի ո՞ր թարգմանությունն է լավագույնը։
Առաջինն ասում է.
— Ես նախընտրում եմ հունարեն թարգմանությունը։
Երկրորդը հակադարձում է.
— Ռուսերեն թարգմանությունը։
Երրորդն ասում է.
— Ես ամենից շատ սիրում եմ մայրիկիս թարգմանությունը։
Ընկերները զարմանում են.
— Մայրի՞կդ էլ է Աստվածաշունչ թարգմանել։
— Այո՛։ Մայրիկս Աստվածաշունչը թարգմանում է իր առօրյա կյանքով։ Եվ դա ամենահամոզիչ թարգմանությունն է, որ երբևէ տեսել եմ։
Post #723
3.72K
- ❤ 33
- 👍 8
- 👎 2
- 🤬 1